Բրիտանիայում 15-ամյա դպրոցական Դեւիդ Փիրսը հաղթել է 1 ֆունտ արժողությամբ դրամի դիզայնի համար հայտարարված մրցույթում։ Այս մասին իր թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։
Փիրսը շահել է դրամի հակառակ երեսի դիզայնը ստեղծելու համար մրցույթը։ Դեւիդն առաջարկել է դրամի հակառակ երեսին 4 բուսատեսակ պատկերել, որոնք խորհրդանշում են Միացյալ Թագավորության 4 մասերը՝ Անգլիան՝ վարդի տեսքով, Հյուսիսային Իռլանդիան՝ երեքնուկի, Ուելսը՝ կանաչ սոխի, իսկ Շոտլանդիան՝ ուղտափուշի տեսքով, գրում է Gazeta-ն։
Նոր մետաղադրամը շրջանառության մեջ կմտնի 2017թ։ Այն երկգույն կլինի. մետաղադրամի եզրերը ոսկեգույն են, իսկ կենտրոնը՝ արծաթագույն։ Նոր մետաղադրամը, ի տարբերություն իր կլոր նախորդի, ունի 12 եզր։ Մետաղադրամի դիզայնի փոփոխության պատճառն այն է, որ ներկայիս 1 ֆունտանոցը շատ հեշտ է կեղծել։





























