ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում:
Այցելության առաջին կանգառը «Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնն էր, որտեղ նախարարին ներկայացվել է կազմակերպության կողմից մինչ օրս իրականացված աշխատանքները եւ արդյունքները:
Այնուհետեւ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայկական Կարիտաս»-ի միջեւ ստորագրվել է բազմակողմանի համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում համատեղ կիրականացվեն սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ողղված աշխատանքներ:
Նախարարն այցելել է նաեւ «Հայկական Կարիտաս»-ի բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի նորակառույց «Էմիլի Արեգակ» կենտրոն, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Մարզկենտրոն Գյումրիում նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին հանդիպել է մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուներին:
Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը կարեւորել է տարածքային իշխանությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցված աշխատանքը եւ ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները:
«Շիրակի մարզում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար կառավարությունը փորձում է մրցունակ ծրագրեր իրականացնել: 2014 թվականին մենք կարողացել ենք լիարժեք գործարկել զբաղվածության 13 ակտիվ ծրագրեր, որոնք ուղղվել են աշխատաշուկայում անմրցունակ անձանց խնդիրների կարգավորմանը: 2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով ամբողջությամբ կարգավորվում է սոցիալական ծառայության մատուցման բնագավառը», - իր խոսքում նշել է նախարարը:
Նախարարը մարզային ուղղվածության ծրագրերից առանձնացրել է երկուսը, մեկը՝ անապահովության գնահատման համակարգի շրջանակներում սոցիալապես անապահով ընտրանքներին հատկացվող աջակցությունը՝ ընտանեկան սոցիալական նպաստները, երկրորդը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման ծրագիրն է: «Այս երկու ծրագրերի շրջանակում էլ պլանավորումն իրականացնելիս հաշվի են առնվում տվյալ մարզի աղքատության ցուցանիշը, անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, անմրցունակ անձանց թվաքանակը»,-նշել է նախարարը:
Առաջիկա անելիքների մասին խոսելիս նախարարն անդրադարձել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի լիարժեք գործարկմանն ու սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը, նրա դերի բարձրացմանը հասարակության մեջ՝ ընդգծելով, որ սոցիալական ոլորտում աշխատանքը շատ ծանր է, բայց նաեւ պատվաբեր:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր հերթին դահլիճում ներկա սոցիալական ծառայության աշխատակիցներին կոչ է արել մարդկանց հետ շփվելիս ցուցաբերել բարեհաճ եւ նորմալ վերաբերմունք: «Կա սոցիալապես անապահով խավ` այն մարդիկ ովքեր շատ չլուծված խնդիրներ ունեն: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք, առավել հոգատար լինել, այն, ինչ մեզանից է կախված, մեր քայլերով լուծել»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Մարզային այցելության շրջանակներում նախարար Արտեմ Ասատրյանը մարզպետի ուղեկցությամբ այցելել է նաեւ նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններ՝ Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, Գյումրիի հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային վերականգնման կենտրոն, Գյումրու տուն-ինտերնատ: Հաստատություններում կատարած շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ, տուն-ինտերնատում շփվել է տարեց բնակիչներին հետ, լսել նրանց մտահոգությունները:
Այցի վերջին կանգառը «Մեղվիկ» ցերեկային խնամքի կենտրոնն էր, որտեղ նախարարին ներկայացրել են կենտրոնի շենքային պայմանները, գործող խմբակները: Նախարար Արտեմ Ասատրյանը զրուցել է կենտրոն հաճախող երեխաների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին:





























