«Երբ Լ.Տեր-Պետրոսյանը իր հերթական «դարակազմիկ» ելույթն է ունենում, բոլորը փորձում են փնտրել նրա «հետին միտքը»: Այս անգամ՝ ՀՀՇ 16-րդ համագումարում նրա ելույթից հետո կարծես նման բան տեղի չունեցավ, քանզի ոմանց թվաց, թե Տեր-Պետրոսյանը պարզապես կրկնել է «Սերգո ջանի»մասին 1997-ի իր բանդագուշանքը»,-գրում է պարբերականը:
«Պատճառը թերեւս այն է, որ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ընկալվեց որպես հստակորեն արտաքին-քաղաքական ուղղվածություն ունեցող հայտարարությունների շարք: Մինչդեռ հարցի մեջ խորանալու պարագայում կնկատենք, որ արտաքին քաղաքականության մասին նախկին նախագահի հակասական դատողություններն իրականում պարզ քողածածկույթ էին ներքաղաքական որոշակի խնդիրներ լուծելու համար: Իրականությունն այն է, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթով փորձում է նախապես ականապատել խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի քաղաքական դաշտը՝ հետագայում դրանից օգտվելու համար: Եվ Հայաստանի քաղաքական դաշտի սուբյեկտներից շատերը չըմբռնելով, թե ի՞նչ նպատակ են հետապնդում Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական առումով հակասական հայտարարությունները, սկսել են կուլ տալ իրենց մատուցվող վտանգավոր խայծը: Կարծում ենք, Տեր-Պետրոսյանի ելույթի բուն նպատակը քողարկված է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում կամ էլ Ղարաբաղյան բանակցային գործընթացի հետնախորքում, այլ առաջիկա ներքաղաքական զարգացումների համատեքստում: Նախկին նախագահը որոշակի ուժերի մատուցմամբ, մի կողմ դնելով «ավազակապետության» դեմ պայքարի իր կարգախոսը, փորձում է դառնալ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, այդ թվում՝ իշխանության ճամբարը, խաղաղության ապագա համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստելու գործի առաջամարտիկը»:




























