Եվրամիության աջակցությամբ չորս երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան եւ Բուլղարիան, մշակել են Տարածաշրջանային այցելուի («ՏԱՄ» փաթեթ) միասնական փաթեթ: Այն ընդգրկում է տուրիստական շուրջ տասը երթուղի: Նշված երկրների զբոսաշրջային գործակալությունները սույն թվականի մայիսի 1-ից հնարավորություն կունենան վաճառելու «ՏԱՄ» փաթեթը: Այսինքն՝ աշխարհի բոլոր անկյուններից զբոսաշրջիկները կարող են այցելել այս չորս երկրներ մեկ միասնական փաթեթով՝ նախապես ընտրելով, թե ինչ են ցանկանում տեսնել: Հեյֆեր Հայաստանի տնօրեն, ծրագրի տարածաշրջանային համակարգող Անահիտ Ղազանչյանը նշեց, որ մշակված երթուղիները տարբեր են: Բոլոր չորս երկրներում կարելի է ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությանը, ընտրել համադամ ուտեստներին, թռչնաշխարհին կամ սեւծովյան տարածաշրջանի ծովերին ու լճերին ծանոթանալու երթուղի եւ այլն:

«ՏԱՄ» փաթեթը կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան եւ իր ներդրումը կունենա ներերկրային եւ ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջեւ աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատեւ արդյունքների ձեռքբերումը:

Փաթեթի շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 19-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: Շնորհանդեսը կազմակերպել էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը եւ Հեյֆեր Հայաստանը (Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղ):

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հյուրեր Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից եւ Թուրքիայից, ՀՀ նախարարությունների, գործընկեր երկրների կառավարության, արտասահմանյան առաքելությունների եւ դեսպանատների, միջազգային եւ տեղական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, Եվրամիությունը շատ հետաքրքրված է այս ոլորտում աջակցություն ցուցաբերել Հայաստանին. «Այս ծրագիրը գյուղական զբոսաշրջության զարգացման ոլորտում Եվրոպական միության աջակցության շատ լավ օրինակ է: Թեեւ ծրագիրը դեռ չի ավարտվել, սակայն հաջողություններն արդեն ակնառու են: Հատկանշական է, որ այս ծրագիրը կյանքի է կոչվում տարածաշրջանային համագործակցության միջոցով: Հայաստանը, Թուրքիան, Բուլղարիան եւ Վրաստանը ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ծրագրի իրականացմանը, այլեւ հետագայում էլ համագործակցելու են ծրագրի արդյունքների զարգացման ուղղությամբ»:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը կարեւորեց ծրագրի իրականացումը Հայաստանի համայնքների զարգացման համար. «Սա շատ կարեւոր ծրագիր է՝ հատկապես հաշվի առնելով, որ այն նպաստում է Հայաստանի համայնքների զարգացմանը: Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը բավական շոշափելի է, եւ ուրախալի է, որ շուտով մեկնարկելու է Եվրապական միության կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագիր, որը նպաստելու է Հայաստանում օրգանական գյուղմթերքների արտադրությանը: Հայաստանն ունի եզակի մշակութային ժառանգություն, որին այս ծրագրի շնորհիվ կծանոթանա ողջ աշխարհը, եւ մենք հնարավություն կունենանք ցուցադրելու մեր համայնքների ողջ ներուժը»:

«ՏԱՄ» փաթեթը մշակվել է «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից 473 000 եվրո գումարի չափով Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի միջոցով: Այն իրականացնում է Հեյֆեր Հայաստանը՝ որպես առաջատար գործընկեր, Վրաստանի (Հեյֆեր Վրաստան), Թուրքիայի (Գյումուշանի ազգային կրթական վարչություն) եւ Բուլղարիայի (Վառնայի տնտեսական զարգացման գործակալություն) գործընկերների համագործակցությամբ:

Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին եւ կտեւի 18 ամիս: Այն ուղղված է տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սեւծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի) միջեւ գործընկերության հաստատմանը: Այս ծրագրի շրջանակներում համատեղ ռեսուրսներով ստեղծվում են գյուղական զբոսաշրջության համակարգեր՝ միասնական, նորարարական եւ ավանդական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները խթանելու նպատակով: Ծրագրի արդյունքում կամրապնդվեն տարածաշրջանային համագործակցությունը եւ գործընկերական կապերը՝ ֆիզիկական եւ մարդկային ռեսուրսների ինտեգրացված օգտագործման եւ փորձի փոխանակման միջոցով, որի նպատակն է բարելավել զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունները: Այս ամենը կխթանի սեւծովյան ավազանի երկրների սոցիալական եւ տնտեսական զարգացումը: