Փակ սահմանների քաղաքականություն, որ Թուրքիան վարում է Հայաստանի դեմ, իրարից հեռացնում է տարածաշրջանի բնակչությանը եւ փլուզում է խաղաղության հույսերը։ Այս մասին մարտի 19-ին Երեւանում Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ այլ հանցագործությունները բազմիցս դատապարտելու համար։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին այդ աշպատանք պետք է առավելագույնս վճռական լինի, ասել է փոխնախարարը։

Ցեղասպանությունների ժխտումը հանգեցնում է դրանց կրկնման, ընդգծել է նա՝ հիշեցնելով Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» խմբավորման դաժանությունները ոչ մահմեդական բնակչության դեմ։