Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված զինծառայող, 18-ամյա Հակոբ Խաչատրյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից էր, տան միակ որդին: Այս մասին NEWS.am-ին ասաց Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտյուշա Մխիթարյանը:

Նա պատմեց, որ զոհված զինծառայողի մայրը տնային տնտեսուհի է, հայրը դպրոցում է աշխատում, երկու քույր ունի:

«Քույրերից մեկը Աղաձորի գյուղի դպրոցի ուսուցչուհիներից է: Շատ համեստ, խելոք, աշխատասեր տղա էր Հակոբը: Դեպքի ժամանակ էլ խիզախություն է դրսեւորել, մինչեւ վերջ պայքարել»,- ասաց Արտյուշա Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Հակոբը ծառայության էր մեկնել անցած տարվա հունիսին:

Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: