Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն  այցելել է  Նոր Նորքում  գործող  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության,  «Հայ օգնության ֆոնդի» եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարաններ, ծանոթացել  ճաշացանկին, ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմաններին, զրուցել շահառուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները` իրականացվող ծրագրի վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանը մի շարք հասարակական, բարեգործական կազմակերպությունների եւ հիմնադրամների հետ համագործակցության շնորհիվ   շարունակում է մայրաքաղաքում գործող 19 բարեգործական ճաշարաններում կարիքավոր շուրջ 2400 անձանց սոցիալական աջակցության տրամադրումը՝ տաք սննդի տեսքով:

Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նշել է, որ, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ միասին համագործակցությամբ երբեմն նաեւ համաֆինանսավորում եւ օժանդակություն է տրամադրվում  գործընկեր կազմակերպություններին՝ բարեգործական ճաշարանների պատշաճ գործունեությունն ապահովելու նպատակով, քանի որ  մայրաքաղաքում կան տարեցներ, որոնք կարիք ունեն սննդապահովման: Տաք սննդից բացի փոխգործակցության  շնորհիվ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից անվարձահատույց  տրամադրված տարածքում  ստեղծել է տարեցների բազմաֆունկցիոնալ  կենտրոն, որտեղ իրենց  առօրյան են անցկացնում  շուրջ  100 տարեցներ: Կենտրոնում տարեցների համար կազմակերպվում են  բազմաբնույթ միջոցառումներ, տրվում է  բուժօգնություն, իսկ  շուտով գործելու է նաեւ հետվիրահատական վերականգնողական կենտրոն:

Այցելության   ընթացքում   սոցիալական  աշխատակիցների վերապատրաստման նպատակով  «Աջակցություն  ՀՀ սոցիալական  ոլորտի  բարեփոխումներին» ծրագրով կենտրոնում կազմակերպվել է սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթաց՝ Երեւանի եւ որոշ մարզերի սոցիալական աշխատակիցների համար: