Բուենոս Այրեսի Մայր տաճարում մարտի 19-ին Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգեւոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Պատարագին ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության կրոնի հարցերով փոխնախարար Խուան Լաուրեանո Լանդաբուրուն, Բուենոս Այրեսի կառավարության մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար Կալուդիո Ավրուխը, Արգենտինայում հայ առաքելական եւ կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ողջ հոգեւոր դասը, Արգենտինայում հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Պատարագի ընթացքում կատարվել է էկումենիկ աղոթք՝ Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի մասնակցությամբ:

Պատարագի ավարտին իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Մարիո Աուրելիո Պոլիին` Հայոց ցեղասպանության նահատակների հոգիների հանգստության համար կատարված աղոթքի, ինչպես նաեւ այդ ծանր վիշտը հայ ժողովրդի հետ միասնաբար կիսելու համար, ինչի ապացույցն է նաեւ ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս պապ, այն ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Բերգոլիոյի առաջնորդության տարիներին Բուենոս Այրեսի մայր տաճարում տեղադրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքարը: