Ազատամարտիկներ Վարուժան Ավետիսյանն ու Աղավնի Սահակյանը հրաժարվում են Արցախյան ազատամարտին մասնակցության համար ստացած իրենց պետական պարգեւներից եւ դրանք հանձնեցին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ազատամարտիկները հայտարարեցին լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ դրանով իրենց բողոքն են արտահայտում Բերձորի դեպքերի առնչությամբ։
«Մինչեւ հիմա այս պարգեւները կրել եմ արժանապատվությամբ եւ պատվով, բայց հիմա, երբ այդ պարեգեւները կրողին դիմավորում են թրքաբարո ձեւով, դրանից հետո ո՞նց կրեմ այս պարգեւները: Իմ հրամանատարը` 26-ի Յուրան, երկնքից ինձ է նայում, ու տեսնում է այս վայրագությունները, եւ նա ինձ երբեք չէր ների, եթե ես իմ բողոքի ձայնը չբարձրացնեի»,-ասաց Աղավնի Սահակյանը։
Կին ազատամարտիկի խոսքով՝ նույնիսկ մտավորականները այնքան վախեցած են, որ չհամարձակվեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Բերձորի դեպքերի հետ կապված:
Աղավնի Սահակյանի խոսքով՝ Արցախի իշխանությունները իրավունք չունեին նման կերպ վարվելու Ժիրայր Սեֆիլյանի հետ, որը մեծ ավանդ է ունեցել արցախյան պատերազմում հաղթանակի մեջ եւ ամենաշատը իրավունք ունի Արցախ մտնելու:
Նշենք, որ կին ազատամարտիկ Աղավնի Սահակյանը պատերազմին մասնակցել է 1992թ.-ից սկսած: Աղավնի Սահակյանը որպես բուժքույր է մարտի դաշտ մեկնել, սակայն հետագայում մասնակցել է նաեւ մարտական գործողություններին: Կին-ազատամարտիկը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, «Շուշիի ազատագրման համար», «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին:





























