Այն, որ ադրբեջանական կողմը փորձելու է հերքել տեղի ունեցած դիվերսիան, մեզ չի զարմացնում, 20 տարուց ավելի է նույն գործելաոճն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ցուցադրված զինատեսակը ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները էլի են թողել մեզ մոտ: Արծրուն հովհաննիսյանը նշեց, որ զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմը հերքում է իրենց զոհերի թիվը՝ դրանով անարգելով զոհերի հարազատներին:

«Մեր զինվորները, ինչպես միշտ, իրենց խնդիրը փայլուն են կատարել, անգամ ցուցաբերել են անօրինակ քաջություններ, ծանր վիրավոր շարունակելով մարտը եւ փախուստի մատնելով հակառակորդին: Սա հայ զինվորի մշտական գործելաոճն է»,-ընդգծել է ՊՆ խոսնակը՝ հավելելով, որ հայկական կողմն ամբողջությամբ վերահսկում է հակառակորդի գործողությունները: 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: