Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մարտի 19-ին Լեհաստանի նախագահական պալատում հանդիպել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկու հետ:
Ողջունելով դեսպան Ղազարյանին` Յացեկ Միխալովսկին հաջողություններ է մաղթել նրան Լեհաստանում դիվանագիտական առաքելության իրականացման ողջ ժամանակահատվածում: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-լեհական հարաբերությունների ներկա բարձր մակարդակին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեհաստանի հայ համայնքին եւ Լեհաստանի պատմության մեջ ունեցած հայերի կարեւոր դերակատարությանը: Յացեկ Միխալովսկին դրական է արձագանքել առաջիկա ժամանակաշրջանում Երեւանում Լեհաստանի հայ համայնքի պատմության ժամանակավոր ցուցադրություն բացելու առաջարկությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանն առնչվող եւ այլ հարցեր:





























