Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշնսկեգոյի անվան համալսարանում մարտի 19-ին, տեղի ունեցավ Լեհաստանում ճանաչված հրապարակախոս, եկեղեցական եւ հասարակական գործիչ Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկու դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Դասախոսությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, համալսարանի հարյուրից ավելի ուսանողներ եւ դասախոսներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանախոսը ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձավ հայերի մի մասի Լեհաստան տեղափոխվելուն եւ Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, որից հետո խոսեց Հայոց ցեղասպանության նախապատմությունից` ներկայացնելով դրա էությունն ու ծրագրավորումը: Հեղինակն անդրադարձավ նաեւ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջազգային գործընթացին, ինչպես նաեւ ներկայացրեց Լեհաստանի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններն եւ խաչքարերը: Դասախոսության վերջում Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկին պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:





























