Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ սպորտի զարգացման, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման, մարզադպրոցների հիմնանորոգման, երիտասարդական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ:
2014 թ. պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզական ֆեդերացիաններն անցկացրել են ՀՀ 90 առաջնություն, 133 ուսումնամարզական հավաք, մարզիկները մասնակցել են 156 Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ միջազգային մրցաշարերի: Նախորդ տարի ՀՀ հավաքական թիմերի մարզիկները 12 մարզաձեւերից աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել են 118 մեդալ, այդ թվում՝ 32 ոսկե, 37 արծաթե եւ 49 բրոնզե: Մարզական ամենամեծ նվաճումը եղել է հունա-հռոմեական ըմբշամարտից (աշխարհի չեմպիոններ են դարձել Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը) եւ սամբո մարզաձեւից (աշխահի չեմպիոն է դարձել Մավրիկ Նասիբյանը): Մարզական հերթափոխի պատրաստման գործընթացը հիմնականում իրականացրել են հանրապետության տարածքում գործող 171 մանկապատանեկան մարզադպրոցները եւ օլիմպիական հերթափոխի մարզական 2 քոլեջները: 2014 թ. մարզական 2 քոլեջներում սովորել է 866, իսկ վերոնշյալ մարզադպրոցների 3 հազար 676 խմբերում 40 մարզաձեւերով մարզվել են 40 հազար 912 պատանի: Նախորդ տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 5 մանկապատանեկան մարզադպրոցներում: Հանրապետության մարզերում, Երեւանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում եւ 6 շրջաններում 2014 թվականին 11-րդ անգամ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 61 համայնքի 2 հազար 83 ընտանիք: Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի ծրագրում ընդգրկված է եղել 6 մարզաձեւ: Խաղերին մասնակցել են ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի հանրակրթական դպրոցների 31 հազար 450 աշակերտներ: ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում անցկացվել է հանրապետական մարզական փառատոն, որին մասնակցել է 22 հազար մարդ: Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվել են դասընթացներ Երեւանի եւ ՀՀ 10 մարզերի մարզադպրոցների եւ ֆուտբոլի ակումբների մարզիչների համար:
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Մարզիկ Նվեր Ավանեսյանը հանդես է եկել դահուկային սպորտի «հսկա ոլորավայրէջք» եւ «ոլորավայրէջք» մարզաձեւերում եւ «ոլորավայրէջք» մարզաձեւում զբաղեցրել է 34-րդ տեղը` 51 մասնակիցների շրջանում: 2014 թ. Խորվաթիայում կայացած խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել է 8 շախմատիստով:
Երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանման եւ ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման նպատակով մշակվել եւ ՀՀ կառավարություն են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Միաժամանակ, լրամշակման փուլում է գտնվում ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանն ուղղված նախագիծը: Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության եւ հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանման նպատակով 2014 թ. ընթացքում նախարարության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին տրամադրվել է 38 դրամաշնորհ: 10 դրամաշնորհ տրամադրվել է Հայաստանի 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքի հասարակական կազմակերպություններին՝ Սիսիանում ծրագրեր իրականացնելու նպատակով:





























