Մարտի 20-27-ը Կահիրեի օպերայի տանը տեղի կունենա Կինոյի եւ արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնը (Cairo International Film and Arts Festival for Children), որն անցկացվում է տեղի Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Կահիրեի Կինոյի եւ արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնի «Անիմացիա եւ հեռուստատեսություն» մրցութային ծրագրի միջազգային ժյուրին նախագահելու է երգիծանկարիչ, անիմատոր, «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։

Կահիրեի Կինոյի եւ արվեստի միջազգային մանկական փառատոնը ստեղծել է մի նոր միջազգային հարթակ՝ ներկայացնելու մանկական ֆիլմերը եւ արվեստը, ակտիվացնելու կապերը արվեստագետների միջեւ, որը դրական եւ արգասաբեր ազդեցություն ունի մինչեւ 14 տարեկան երեխաների համար նախատեսված ֆիլմերի արտադրության ոլորտի վրա։

«ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի  զարգացումը,  կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ եւ հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային տարբեր հարթակներում:

Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր: