Հայաստանի արորդիները այսօր` մարտի 21-ին` գարնանային արեւահավասարի օրը, Գառնու Մայր Տաճարում տոնեցին Նոր տարին՝ Վահագնի աստվածային ծնունդը, եւ ազդարարեցին հեթանոսների օրացույցով 9598 թվականի սկիզբը:

Գառնի տաճար էին եկել տասնյակ հեթանոսներ, քրիստոնյաներ՝ մասնակցելու Վահագնի ծննդյան արարողությանը:

«Հրածին հայերիս համար այս օրը տիեզերական գարուն է, Նոր տարի նշանակում է, որ տարին նորոգվում է, իսկ այն նորոգվում է գարնանը` Վահագնի ծնունդով», - NEWS.am-ի հետ զրույցում նշեց քուրմ Արգիշտին` հավելելով, որ գարնանամուտի խորհրդանիշ համարվող Վահագնի ծնունդը արորդիների գլխավոր տոներից մեկն է:

Քուրմ Գուրգենը մեզ հետ զրույցում նշեց, որ արորդիները Նոր տարին սկսում են արեւածագը դիմավորելով:

«Վահագնի տոնը նշում ենք որոշակի ծիսակատարությամբ` վահագնյա հրով, որը զորության խորհրդանիշն է, օրհնում ենք գինին ու տարեհացը։ Այնուհետեւ զարդարում ենք ծիրանենու ծառը, այդպիսով հաղորդակցվելով աստվածների հետ, եւ կատարում ծիրանատունկ, որը կյանքի ու սերունդների շարունակության խորհրդանիշն է»,-ասաց քուրմ Գուրգենը:

Վահագնականչի արարողության ժամանակ քրմերը սրերով օրհնեցին գինին, տարեհացը եւ ուռենու ճյուղեր բաժանեցին հավաքվածներին: Արարողությունից հետո քրմերը Վահագն աստծուն զոհաբերեցին մեկ տարին չբոլորած գառ: Այնուհետեւ ներկաներին բաժանեցին օրհնված գինին ու տարեհացը: