Հայաստանի գլխավոր դատախազը չի կատարել իր ծառայողական պարտքը Վալերի Պերմյակովի գործով: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ իր ներկայացրած բանաձեւի քննարկման ժամանակ, որով պահանջվում է Պերմյակովին փոխանցել հայկական կողմին:

«Բողոքի երթի մասնակիցները, սովորական մարդիկ, որոնք ձեզնից ավելի շատ են պատրաստ կանգնել իրենց իրավունքների համար, դուրս են եկել փողոց պահանջելով պաշտպանել արդարությունը»,-հավելել է նա:

Փոստանջյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս հունվարի 15-ին հայտարարել է, որ կդիմի իր ռուս գործընկեր Յուրի Չայկային եւ կպահանջի հայկական կողմին հանձնել ռուս զինծառայող Պերմյակովին:

«Եթե մինչ օրս պատասխան չկա, նշանակում է իր պարտականությունները նա չի կատարել եւ հիմա պատասխանատվությունն արդեն մենք պետք է վերցնենք՝ քաղաքական պատասխանատվությունը»,-նշել է Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: