Մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն գործողության ժամանակ մեր զինվորները կկռվել են հերոսաբար, այլապես 3 զոհի փոխարեն 33 զոհ կունենայինք: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, ազատամարտիկ Շահե Աճեմյանը:

«Եթե մենք թույլ լինեինք, ապա 1994 թ.-ից մինչեւ այսօր գոնե մի դեպք կլիներ, որ թշնամին մեր սահմանից ներս խուժեր եւ դիրքավորվեր, սակայն նման դեպք չի եղել: Եթե մենք թույլ լինեինք, ապա վերջին դիվերսիոն հարձակման ժամանակ ոչ թե 3 զոհ էինք տալու,  այլ՝ 33, ու թշնամին էլ կներխուժեր մեր սահմանից ներս ու մի գյուղ կոչնչացներ: Միայն այդ ժամանակ մենք իրավունք ունեինք ասել, որ մենք թույլ ենք»,-ասաց ազատամարտիկը:

Շահե Աճեմյանի կարծիքով՝ հակառակորդի անհաջող դիվերսիոն փորձերը պայմանավորված են նրանով, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարության համար իրենց զինվորը արժեք չունի:

«Եթե մենք զոհեր ենք տալիս, ու մեր հայրենակիցները կարծիք են հայտնում, որ մենք թույլ ենք, ապա ես էլ կասեմ, որ իրենք հավ են, որ այդքան ծեծ ուտելուց հետո նորից հարձակվում են: Իրենց զինվորը իրենց համար ոչ մի արժեք չունի, Ահմեդ ու Հասան իրենք շատ ունեն, հա ուղարկում են»,-ասաց նա:

Ազատամարտիկը վստահ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում, մի քանի օր անց ադրբեջանական բանակի 50 տոկոսը ոչնչացվելու է հայկական բանակի կողմից:

«Հաջորդ լակնամասշտաբ պատերազմին 3-5 օր անց ադրբեջանական բանակի 50 տոկոսը ջախջախվելու է եւ ես մտածում եմ, ոնց ենք այդքան վիրավորներին ու գերիներին խնամելու»,-ասաց Շահե Աճեմյանը:

Ազատամարտիկը նշեց, որ լայնածավալ պատերազմ կանխատեսել հնարավոր չէ, քանի որ թշնամին անկախատեսելի է:

«Հավի ուղեղը անկախատեսելի է, երբ որ թշնամուդ ղեկավարը Ալիեւվն է, ոչխար է, ո՞նց կարաս իմանաս՝ ինչ կլինի, հանկարծ կարող է ուղեղը փչի ռազմական գործողություններ սկսի»,-ասաց Շահե Աճեմյանը: