Երեւանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են հողի փխրեցման, սիզամարգերի ցանքսի նախապատրաստական աշխատանքները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ծաղկապատման նպատակով ներկրվել է ծաղիկների հերթական խմբաքանակը՝ 1 մլն 100 հազար ծաղկասածիլ: Զեկուցվել է նաեւ, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է ծառերի սանիտարական էտը: Նշվել է, որ առաջիկա համաքաղաքային ծառատունկի կազմակերպման նպատակով գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս հանձնարարել է խստորեն հետեւել, որպեսզի ծառատունկն իրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում:
Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ կանխման նպատակով շարունակվում է ամենօրյա հսկողությունը: Նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 71 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել եւ ավելի ակտիվացնել այս ուղղությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքները՝ հատկանշելով, որ արդյունքները որոշ չափով արդեն նկատելի են դառնում:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ ամենօրյա սանմաքրման աշխատանքները: Նշվել է նաեւ, որ նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ են տարվել 65 հասցեներում:
Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ոլորտում իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության եւ հողազավթման 3 դեպք, իսկ 1 հասցեում կատարվել են քանդման աշխատանքներ: Շատրվանների գործարկման ընթացքի վերաբերյալ՝ շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ կատարվում են ջրավազանների ընթացիկ նորոգման եւ ներկման աշխատանքներ:





























