2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով դատական հաջորդ նիստին ցուցմունք են տալու տուժողի իրավահաջորդն ու ամբաստանյալ Կարեն Կունգուրցեւը: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա հայտնեց, որ մարտի 23-ին կայացած նիստին ցուցմունք են տվել վկաները:

«Վկաների հարցաքննությունը մոտենում է ավարտին, մարտի 31-ին եւս երկու վկա ցուցմունք տա ու արդեն տուժողի իրավահաջորդին կլսենք: Իսկ այս նիստում վկաները նույն բաներն են ասել, որ չեն հիշում, երկար ժամանակ է անցել: Հետաքրքիր է, որ եթե մի բան էլ ասում են, նախաքննական ցուցմունքի հետ չի համընկնում»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում`վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: