Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում 22-ամյա երիտասարդի ինքնասպանություն գործելու պատճառներն անհայտ են: Գյուղապետ Գագիկ Պալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը որեւէ գրություն չի թողել, ոչ սիրած աղջիկ ուներ, ոչ էլ վատ ընկերական շրջապատ, ինչը կարող էր նրան դրդել նման ծայրահեղ քայլի: Նա հակված է մտածել, որ նման քայլի պատճառը ընտանիքի վիճակն է:
Բանն այն է, որ տղայի հայրը մորից բաժանվել է, մեկ այլ տեղ ամուսնացել, տարիներ առաջ էլ՝ մահացել: Չկարողանալով պահել երեխաներին՝ մայրը դստերը 4 տարեկան հասակից տվել է մանկատուն, չափահաս դառնալուց հետո նա վերադարձել է: Գյուղապետն ասաց, որ քրոջ եւ մոր մոտ տարօրինակություններ կան, բայց մահացողը լրիվ նորմալ էր, ծառայել է ԶՈւ-ում: Մայրը իր երկու երեխաների հետ ապրում էր տնակում, դեպքն էլ եղել է դրան կից գտնվող թոնրատանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի 22-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կախված վիճակում:
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդն ինքնասպանություն է գործել: Պատճառների մասին տեղեկություն չկա: Հանգամանքները պարզվում են:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ NEWS.am-ը փորձել է ստանալ ոստիկանությունից, սակայն այնտեղ միայն հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:





























