Առեւտրային կաշառքի մեջ մեղադրվող, Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ, Կապանում փաստաբանությամբ զբաղվող Արշավիր Խալափյանը առևտրային կաշառք ստանալու հոդվածի սուբյեկտ չէ, քանի որ գործին, որի առնչությամբ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, Խալափյանը ներգրավված է եղել ոչ թե որպես փաստաբան, այլ որպես տարածքի բնակիչ։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ասաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների հանձնաժողովի անդամ Կարեն Մեժլումյանը։
«Նրան սեփականության իրավունքով պատկանող տան մոտ ոմն Ա. Կույումջյան ցանկացել է անօրինական ավտոտնակ կառուցել: Արշավիր Խալափյանն էլ հարցումներ է արել Կապանի քաղաքապետարան՝ պարզելու թույլտվության օրինականությունը: Պատասխանները ստանալուց հետո դիմել է դատարան, որ պարտավորեցնեն Կոյումջյանին քանդել անօրինական կիսակառույցը, որից հետո քաղաքապետարանն է վարույթ սկսել ու վարչական պատասխանատվության ենթարկել Կոյումջյանին: Այնուհետև Արշավիր Խալափյանը իբր հանդիպել է Կոյումջյանին և իբր՝ որպես կաշառք, Կույումջյանից պահանջել 1500 ԱՄՆ դոլար: Սակայն նշեմ, որ նախաքննական մարմինը որևէ կերպ չի հիմնավորել գումար պահանջելու հանգամանքը»,-ասաց Մեժլումյանը:
Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների հանձնաժովի անդամ Արմինե Ֆամյանն էլ նշեց, որ Ա. Խալափյանի դեմ մյուս մեղադրանքը՝ կաշառք պահանջելու վերաբերյալ, նույնպես անհիմն է եւ նպատակ է հետապնդում խոչընդոտելու նրա մասնագիտական գործունեությունը։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Խալափյանը Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավարի որդուց 10.000 դոլար կաշառք է պահանջել, որպեսզի օգնի կարճել համայնքում ապօրինի գերեզմաններ հատկացնելու գործը, որի մասին ինքն էր հաղորդել ոստիկանությանը։
Նշենք, որ սույն թվականի օգոստոսի 2-ին առևտրային կաշառքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է իրավապաշտպան և փաստաբան Արշավիր Խալափյանը: Օգոստոսի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, միաժամանակ կիրառելով գրավ՝ 1.000.000 դրամի չափով:





























