Մարտի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումներն անցկացվեցին կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը:
Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:
Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում Հայաստանը մասնակցեց ֆրանկոֆոն երկրների մայրենի լեզուներում ֆրանսերենից փոխառությունների խաղին: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ Անդորրայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի եւ Սենեգալի պատվիրակությունները:
Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների ազգային հեքիաթների բեմադրությունների ներկայացում՝ Հայաստանի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի, Բուրկինա Ֆասոյի, Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի, Վիետնամի եւ Ուրուգվայի մասնակցությամբ:
Հայաստանը ներկայացնող թատերական խմբակը ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» ստեղծագործության բեմադրությունը:
Միջոցառումներին զուգորդեց մասնակից երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողությունը, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին ներկայացվեց հայկական ավանդական խոհանոցը:






























