Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվել է «Ցուցմունքներ դատարանում» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության (INL) բաժինը:

Փրձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա Մշեցյանը NEWS.am-ին հայտնեց, որ դասընթացը վարում էր ԱՄՆ-ից հրավիված PBSI-ի փորձագետ Ռիչերդ Տանտոն: Դասընթացին մասնակցում էին 21 ունկնդիրներ, որոնք ներկայացնում էին Փորձաքննությունների ազգային բյուրոն, ՀՀ Ոստիկանության Փորձաքննությունների վարչությունը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ՀՀ Արդարադատության նախարարության Փորձաքննությունների լաբորատորիան եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը:

«Ցուցմունքներ դատարանում» թեմայով ուսուցման դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել դատարանում հանդես գալու համար անհրաժեշտ բանավոր խոսքի հմտությունները: Դասընթացի շրջանակներում արծածվող թեմաները ներառում էին հռետորական խոսքի տեխնիկա, մտքերի ներկայացման հենքի նախապատրաստում, նախնական հարցաքննություն, ուղղակի հարցաքննություն, խաչաձեւ հարցաքննություն եւ այլն: Դասընթացը կազմված էր երկու փուլից:

 Դասընթացը ներառում էր դասախոսություններ եւ բազմաթիվ գործնական վարժություններ, որոնք տեսագրվում էին, որպեսզի հետագայում ներկայացվեն դասընթացի մասնակիցների դատին: Մասնակիցները ամփոփելով արդյունքները հատուկ նշեցին դասընթացի կարեւորությունը եւ արդիականությունը՝ առաջարկելով այն դարձնել շարունակական: ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության (INL) բաժնի ղեկավարը Ջեկ Անդերսենը եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակիցներին հանդիսավոր պայմաններում հանձնեցին վկայականներ: