Տիգրան Ուրիխանյանի ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ խոսակցություններ եղել են, բայց դա չի կրել պաշտոնական բնույթ, դա իր անձնական որոշումն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա նշեց, որ ընթերցել է իր գործընկերոջ հայտարարությունը, հարգանքով է մոտենում այդ որոշմանը: «Տիգրան Ուրիխանյանը երիտասարդ քաղաքական գործիչ է, որը լիարժեքորեն իրավունք ունի ընտրելու իր քաղաքական գիծը եւ իրականացնի այն գործունեությունը, որն ինքն է հարմար գտնում, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, ժամանակը մնացած բոլոր հարցերի պատասխանները կտա»,-ասաց Վահան Բաբայանը:
Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել իր նախկին եւ ներկա գործընկերների հետ: Տիգրան Ուրիխանյանի դուրս գալու վերաբերյալ ԲՀԿ-ում քննարկում չի եղել, րոպեներ անց կսկսվի ԲՀԿ խմբակցության նիստը, որտեղ թերեւս կանդրադառնան նաեւ այդ հարցին:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել է, որ ընդունել է հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իր համախոհների առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի:





























