«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011թ. նոյեմբերի 30-ի ընդունված օրենքը վնասում է Հայաստանի  անվտանգությունը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողներին  ասաց «Մխիթարիչ» բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը՝ հավելելով, որ նույնականացման քարտի տվյալները կարող են օգտագործվել մարդկանց և պետությունների դեմ:

«Այժմ ամբողջ աշխարհը փորձում է տիրապետել մարդկանց տվյալներին և դրանցով հասնել մարդկության կործանման, քանի որ ցանկանում են ամբողջ աշխարհում թողնել ընդամենը 1 միլիարդ բնակչություն: Բոլոր ծրագրերը մեկ նպատակ ունեն՝  ավերել, վերացնել, ոչնչացնել մարդկանց և պետությունները: Մարդկանց ամբողջ տվյալները էլեկտրոնային սարքավորումներով  տեղափոխվում են մեկ տեղ՝ Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի շտաբ, որն էլ մեծ վտանգ է պետությունների անվտանգության համար»,- ասաց Ստամբոլցյանը:

Խաչիկ Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ նույնականացման քարտերի կիրառման դեմ ստորագրահավաք է կազմակերպվում, որով պահանջելու են իշխանություններից, որպեսզի նույնականացման քարտերի կիրառումը գոնե պարտադիր չլինի:

«Ստորագրահավաքի համար պատրաստել ենք արդեն համապատասխան փաստաթղթերը և տարածում ենք ամբողջ հանրապետությունով: Մեկ փաստաթուղթ էլ ուղարկել ենք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և պահանջել, որպեսզի վերանայեն  «Նույնականացման քարտերի մասին»  օրենքը: Ավետարանի մեջ գրված է, որ գալու է մի ժամանակ, երբ  մարդկանց կհամարակալեն, այդ համարը կդրվի մարմնի մեջ՝ ձեռքին կամ ճակատին:  Ես խոսել եմ նաև Բագրատ սրբազանի հետ, որն ինձ ասել է, որ Առաքելական եկեղեցին կողմ է կամավորության և դեմ է պարտադիրին»,-ասաց Ստամբոլցյանը: