Քութայիսի քաղաքում գտնվող վրացական պառլամենտում, այսօր՝ մարտի 27-ին, մեկնարկեց Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի եւ Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովը: Պաշտոնական բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան  Հարավային Կովկասում  նիդերլանդական ինստիտուտի ներկայացուցիչ Լեւան Ցուցկրիձեն, Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Շտեֆան Ֆյուլեն: Վերջինս խոսեց Հարավային Կովկասի երկրների եւ Ուկրաինայի հետ կապված կոնֆլիկտների, համագործակցության հնարավորությունների եւ մարտահրավերների մասին:

Համաժողովի ծրագրային հատվածի բացումը կատարեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Մամիջանյանը, ով իր խոսքում ընդգծեց  Հարավային Կովկասում գործող հիմնական քաղաքական կուսակցությունների միջեւ կապի կարեւորությունը, խոսեց դրանց խոչընդոտների մասին` առաջարկելով լուծումներ: Նա եւս մեկ անգամ նշեց հայկական կողմի պատրաստակամության փաստը տարածաշրջանային համագործակցության առաջարկների քննարկման եւ կապերի հաստատման գործում:

Համաժողովի ընթացքում նախատեսված են 2 լիագումար նիստեր եւ քննարկեւմներ 6 թեմատիկ աշխատանքային խմբերում:

Հավելենք, որ համաժողովի գլխավոր նպատակն է  հետազոտել տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացի մարտահրավերները, ձեռքբերումները եւ առաջարկել համագործակցության հնարավոր եւ արդյունավետ մոդելներ: