Հարկավոր է իմանալ, թե երբ պետք է զիջել փոքր հարցում՝ մեծում շահելու համար: Այս մասին մարտի 28-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Հայ պատգամավորների դժգոհությունն էր առաջացրել նիստի վերջնական հուշագրում Հայոց ցեղասպանության մասին կետի լղոզված ձեւակերպումը:

Այդ առիթով Սլուցկին նկատեց, որ որոշ երկրներում հակահայկական հռետորաբանությունը հիմա ավելի կոշտ է հնչում, քան տարիներ առաջ: Իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, ըստ նրա, պետք է օգտագործել հենց նրա համար, որպեսզի Մոսկվայի օգնությամբ Բաքվում եւ Անկարայում նման հայտարարություններն այդքան կատաղի չլինեն:

Սլուցկին ընդգծեց, որ Ռուսաստանի, ինչպես նաեւ իր անձնական դիրքորոշումը հայտնի են: «Ես այն արտահայտել եմ ոչ միայն այստեղ, այլեւ Բաքվում՝ ընդհուպ մինչեւ բարձրագույն ղեկավարությունը: Եվ այստեղ որոշակի միջոցներ են ձեռնարկվում: Խոսվում է Սաֆարովին հերոսացնելու պատմության եւ «Քարե երազներ» վեպի համար Աքրամ Այլիսլիին Ադրբեջանի գրողների միությունից հեռացնելու մասին: Ամենուր ես նույն բանն եմ ասում, եւ ասում եմ բոլոր մակարդակներով, մինչեւ առաջին դեմքը: Անհրաժեշտ է չկորցնել իրականության զգացողությունը, վարվել այնպես, որպեսզի այդ բառերն արդյունավետ լինեն»,- հայտարարեց Սլուցկին: