Վարչական դատարանը քիչ առաջ տեղի ունեցած նիստում մերժել է գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, հազարավոր գազ սպառողների կողմից ներկայացված դատական հայցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Վահե Հովսեփյանը: Թե ինչ հիմնավորմամբ, փաստաբանը մեզ չհայտնեց, քանի որ դեռ ինքն էլ չէր հասցրել ամբողջապես ծանոթանալ դատարանի որոշմանը: Դրա վերաբերյալ մանրամասները Վահե Հովսեփյանը խոստացավ հայտնել օրվա երկրորդ կեսին: Նա միաժամանակ նշեց, որ դատարանի որոշումը պատրաստվում են վճռաբեկության կարգով բողոքարկել:
Նշենք, որ հայցը դատարանը քննել է գրավոր ընթացակարգով, թեեւ հայցվոր կողմը ցանկանում էր, որ բանավոր քննություն իրականացվի, քանի որ մի շարք հարցեր ուներ պատասխանող կողմին:
Հայցվոր կողմը դատարանի որոշումը մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ի ապրիլի 7-ին, ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, 7230 քաղաքացիներ հայց էին ներկայացրել եւ պահանջում էին անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումը: Այդ որոշմամբ, ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները 1000 խմ գազի դիմաց վճարում են 132 հազար դրամ` նախկին 96 հազարի դիմաց, իսկ խոշոր սպառողները վճարում են 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն:




























