Երեւանի Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամում այսօր տեղի է  ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  Դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ  պետական ոչ առեւտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  ենթակայության տակ:  Նախարարը նշել է, որ իրավական նոր կարգավիճակով պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի  դպրոցի կառավարման մարմինների ձեւավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ: Ներկայացնելով հարցի իրավական կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց. «Ե՛վ Մայթ Աթոռը, եւ՛ ՀՀ ԿԳՆ-ն  այս նախագծի հետ մեծ  հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաեւ  նոր բովանդակություն՝  ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը  եւ  հավելել, որ դպրոցի շենքն ունի վերանորոգման  անհրաժեշտություն:  Ա. Աշոտյանի խոսքով՝  հարցը  քննարկվել է Վեհափառ հայրապետի հետ,  ով եւս մտահոգ է խնդրով  եւ պատրաստ է քայլեր  ձեռնարկել՝ դպրոցն ավելի մրցունակ եւ արդիական  դարձնելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները  միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:

Նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարը շրջել է դպրոցում, զրուցել ավագ դասարանների աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշումների,  ավարտական եւ ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների եւ այլ հարցերի մասին: