Ակնհայտ է, որ Օրինաց երկիր կուսակցությունը, 2008 թվականի հայտնի դեպքերից հետո, այլեւս երբեք չի ունենա իր նախկին վարկանիշը, քանի որ այդ կուսակցության քաղաքական ապագան ամբողջությամբ կախված է բացառապես Սերժ Սարգսյանի բարեհաճությունից եւ իշխանական լծակներն օգտագործելու հնարավորություններից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի այն հայտարարությունը, թե իրենց կուսակցությունն, իհարկե, մասնակցելու է խորհրդարանական, բայց ոչ՝ նախագահական ընտրություններին։

Փորձագետի խոսքով, շատ փոքր է հավանականությունը, որ ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանում կլինի խորհրդարանական կուսակցություն։ «Մնացած ուժերի հետ կապված՝ կարծում եմ, որ «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ընտրությունների, բնականաբար, առանձին կգնան»,- կանխատեսեց Անդրանիկ Թեւանյանը՝ ավելացնելով, որ այս պահին քաղաքական դաշտում քաղաքական վակուումի իրավիճակ է ստեղծվել։

«Իշխանությունները ձախողվել են իրենց թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ։ Բայց նաեւ, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ունենք ձախողված տիտղոսային  ընդդիմություն, որը բարոյահոգեբանական եւ գաղափարական առումներով լրիվ քանդված ուժ է»,- համոզմունք հայտնեց Թեւանյանը։

Նշենք, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել էր, թե առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցությունը չի մասնակցելու եւ շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ ստեղծված դաշինքում։