Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին մի քանի հայտարարությունները, այդ թվում Աթենքում եւ Ալմաթիում արված հայտարարությունները, վկայում են, որ ԼՂ հարցը լուծվելու է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմա վրա: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ ամփոփելով ԼՂ շուրջ վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները: Նա նախ թվեց Հելսինկյան եզրափակից ակտի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն, ապա հավելեց, թե նշված սկզբունքներից որեւէ մեկը գերակա չէ մյուսի հանդեպ: Հետեւապես, ըստ Նիկոյանի, հակամարտության կողմերից եւ ոչ մեկը բանակցային գործընթացում չպետք է նախապատվություն տա դրանցից որեւէ մեկին: «Այս երեք սկզբունքները պետք է գործեն միաժամանակ, իսկ դրանց կամայական գործածումը կնշանակի խուսափել պատասխանատվությունից»,-նշեց ԱԺ փոխխոսնակը: Նրա խոսքով՝ վերջին մի քանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ որքան էլ Ադրբեջանը սուր ճոճի՝ վկայակոչելով նավթային իր հարստությունները եւ դրանցից գոյացող իր ռազմական բյուջեն, միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի,  միեւնույնն է, չի տրվելու այդ երկրի շանտաժներին:

Ըստ Նիկոյանի, Ադրբեջանն էլ Ալմաթիում արված հայտարարությունից հետո հասկացել է, որ շանտաժի լեզվով խոսելն արդյունավետ չէ եւ առժամանակ ձեռնպահ է մնում ռազմատենչ հայտարարություններից:  Նիկոյանը լավատես է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների առումով, սակայն, ըստ նրա, եթե ինչ-որ պահի գործընթացը մտնի փակուղի, ապա «Հայաստանը պետք է մտածի այլ ելքերի մասին»: Ելքերից մեկն էլ, ըստ նրա, ԼՂ անկախության ճանաչում է Հայաստանի կողմից: