Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Հայաստանի ներկայացուցչի 2-րդ մրցույթում հաղթած 3 թեկնածուներն էլ խախտել են սահմանված օրենքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողներին ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նա հայտնեց, որ իրենք արդեն դիմել են Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին եւ պահանջել ամենայն ուշադրությամբ քննության առնել ներկայացված փաստերը:
«ՄԻՊ նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրել է 500 էջանոց մի դասագիրք, որը պարզեցինք՝ բավական լայն հատվածների արտագրություն եւ թարգմանություն է պարունակում ռուսական դասագրքերից: «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանն էլ ուշագրավ հարցազրույց է տալիս, որտեղ հայտարարում է, որ միջազգային իրավունքում չկա պատերազմն արգելող որեւէ նորմ, եւ պետությունները կարող են պատերազմներ վարել: Սա մեկնաբանության անհրաժեշտություն չունի: Բացի դրանից՝ նա ասում է, թե 20-ից ավելի վճիռներով հաղթել է ՄԻԵԴ-ում, բայց չի նշում, որ միանձնյա չի ներկայացրել: Ինչպես մենք պարզեցինք, իրականում, հաղթած գործերի թիվը 11-ն է, ոչ թե 20-ը: Երրորդ թեկնածուն՝ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն էլ բացահայտեց, որ պատկերացում չունի խտրականության մասին»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Նշենք, որ փաստաբանների պնդմամբ՝ մրցույթն անցել է բազմաթիվ խախտումներով:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: Հայտարարվել էր նոր մրցույթ, որի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:





























