Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում, որն արդեն ավանդական է դարձել, ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 115 նկարչուհիներ՝ 115 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել ու ծանոթացել է աշխատանքներին եւ զրուցել հեղինակների հետ:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանանց մեկամսյակի առիթով շնորհավորել է ներկա կանանց եւ մաղթել նորանոր հաջողություններ:

«Մենք ոչ միայն միամսյակի շրջանակում ենք շնորհավորում կանանց, այլ ողջ տարվա ընթացքում, քանի որ հայ կանայք միշտ արժանի են գնահատանքի: Շնորհակալ ենք, որ մշտապես պատվով եք հաղթահարում ցանկացած դժվարություն, այդպիսով նաեւ մեկ անգամ եւս ապացուցելով, որ ավանդապահ հայ կինը եղել ու լինելու է հայ օջախի սյունը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ վստահեցնում եմ, որ մենք հպարտ ենք ձեզանով ու պատրաստ սատարելու ձեր բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված «Նկարչուհիները՝ կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: