Երևանի կենդանաբանական այգին ավանդաբար իր դռները այցելուների առջև կբացի մայիսի 1-ին:  Ինչ նորություններ են սպասվում այցելուներին, ինչ խնդիրների առաջ է կանգնած այգին, այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ:

-Ե՞րբ Կենդանաբանական այգին իր դռները կբացի այցելուների առջեւ:

Չնայած ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքներին` Երևանի կենդանաբանական այգին ավանդաբար իր դռները այցելուների առջև կբացի մայիսի 1-ին:

-Ի՞նչ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որտե՞ղ, ինչքա՞ն գումար է հատկացվել դրա համար:

Այս տարի Երևանի կենդանաբանական այգին հանդես կգա մի շարք նորամուծություններով, այդ թվում`  նոր կենդանաբուժական կլինիկա, նոր, ընդարձակ և եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ,  նոր, երբևէ չցուցադրված կենդանատեսակներ: Ընթացող աշխատանքների իրականացման համար դրամական միջոցները տրամադրել է Երևանի քաղաքապետարանը, որի մասին ավելի համապարփակ տեղեկատվությունն հասանելի է Քաղաքապետարանի վեբկայքում

-Ի՞նչ նոր կենդանիներ կտեսնենք Կենդաբանական այգում բացումից հետո:

2015թ. ընթացքում Երևանի կենդանաբանական այգու կենդանի հավաքածուն կհամալրվի սուրիկատներով (Suricatta Suricatta), մառաներով (Dolichotis patagonium), ջրասամույրներով (Lutra lutra), կատվային լեմուրներով (Lemur catta), սովորական վարիներով (Varecia Variegata), կապիկների էկզոտիկ տեսակներով: Ըստ կենդանի հավաքածուի պլանի` նախատեսվում է նաև ներմուծել պտավոր բորենի (Crocuta crocuta) և հարավ-ամերիկյան ընձառյուծ (Panthera onca)` տեսակների հետագա բազմացումն ապահովելու համար:

-Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած Կենդանաբանական այգին:

Հիմնական խնդիրը շարունակում է մնալ անհատների կողմից (հայտնի «Այգեգործների միություն» անվանումով) այգու տարածքի ապօրինի զավթումներն, ուր հիմնված են անհատական պտղատու այգիներ: Նշված այգիների ոռոգումն իրականացվում է կոտրած կոյուղատարով հոսող ծննդատան և շտապ օգնության կոյուղաջրերով, որոնք, հոսելով այգու տարածքով, լցվում են նոր կառուցված ազատավանդակներ և լճակներ` լուրջ սպառնալիք ներկայացնելով թե այգու այցելուների, և թե կենդանիների համար: Կենդանաբանական այգին պաշտոնական գրություններով բազմիցս դիմել է վարչական տարածքը սպասարկող «Երևան Ջուր» ՓԲԸ-ին, սակայն հարցն առ այսօր շարունակում է մնալ չլուծված

-Քանի՞ կենդանի, թռչուն, սողուն ունի այգին այժմ, արդյոք նրանցից որեւէ մեկին այսօր վտանգ սպառնում է,: կամ անցած ամիսներին քանի՞ կենդանի է կորցրել այգին, օրինակ՝ մահացել են, հիվանդացել եւ այլն

Երևանի կենդանաբանական այգու կենդանի հավաքածուի և գլխաքանակի վերաբերյալ տվյալները հասանելի են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վեբկայքում և տարեկան հաշվետվություններում: Այգում պահվող որևէ տեսակի վտանգ չի սպառնում: Կենդանիների մահացության աստիճանը անազատության մեջ պահվող տեսակների մահացության նորմայից ցածր է և համապատասխանում է տեսակների տարիքային շեմին: Շինարարության ընթացքում բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով բոլոր զգայուն տեսակները տեղափոխվել և առանձնացվել են` ըստ համապատասխան բաժինների:

Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը