Գոյություն ունեն կազմակերպչական մի շարք հարցեր, որոնց առնչությամբ կա՛մ պետք է անհապաղ որոշումներ կայացնել, կա՛մ գոնե սկսել քննարկել դրանք: Այս մասին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի նյութական ալիքների ֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար Արթուր Իշխանյանը:
Մասնավորապես, նա կարեւորել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի շուտափույթ ընդունումը, քանի որ ժամանակակից գիտության բազմաթիվ եզրույթներ եւ կատեգորիաներ գործող օրենքում չեն ներառված, ինչը որոշակի անհարմարություն է առաջացնում գիտության կազմակերպման գործում: Անհրաժեշտ է նաեւ մեր օրենսդրությունը համապատասխանեցնել Հայաստանի միջազգային պարտավորություններին: Մասնավորապես նա նշել է, որ 2008 թվականին ԱՊՀ անդամ երկրների միջպառլամենտական ասամբլեան ընդունել է գիտնականի եւ գիտաշխատողի կարգավիճակի վերաբերյալ մոդելային օրենք, որում ասվում է, որ գիտնականների աշխատավարձը պետք է լինի երկրի միջին աշխատավարձից ոչ ցածր, եւ որ գիտնականի կենսաթոշակը պետք է կազմի նրա աշխատավարձի 75 տոկոսից բարձր,գումարած գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները։
«Հասկանում ենք, որ այս հարցերի լուծումը լրացուցիչ ֆինանսներ է պահանջում, այդ պատճառով ցանկանում եմ այստեղ նաեւ մի քանի հեռանկարային առաջարկ ներկայացնել»,- ասել է նա:
Նախ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը պետք է մի շարք ծրագրեր մշակի՝ ուղղված Հայաստանի գիտական ենթակառուցվածքների արդիականացմանը:
Հարկավոր է Համահայկական հիմնադրամի կազմակերպած համազգային մարաթոնի ընթացքում միջոցներ հավաքագրել գիտական ծրագրերի ֆինանսավորման համար: Իշխանյաը նաեւ հավելել է, որ այն բոլոր երկրները, որոնք զարգացած Սփյուռք ունեն, հենց այդ ճանապարհով են ընթացել, եւ Հայաստանը պետք է հետեւի նրանց օրինակին:
Բացի այդ, Հայաստանի տարբեր կառույցներ (քաղաքապետարան, խորհրդարան, նախարարություններ) պետք է հատուկ դրամանաշնորհային եւ կրթաթոշակային ծրագրեր իրականացնեն երիտասարդ գիտնականների համար:
Ա. Իշխանյանը հայտնեց, որ այս հարցերը քննարկվել են Ֆիզիկա եւ աստղաֆիզիկա բաժանմունքի տարեկան ժողովում եւ որոշում է կայացվել ընդգրկել դրանք ԳԱԱ տարեկան ժողովի որոշման նախագծում։




























