Հանրապետության մի շարք դպրոցներում խախտումներ են հայտնաբերվել, ստուգումները կրելու են շարունակական բնույթ: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե ինչ ընթացքի մեջ դպրոցներում իրականացված ստուգումները, դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ բոլոր մարզպետարաններից պահանջվել է ամփոփ տեղեկատվություն իրենց ենթակայությամբ գործող դպրոցների դեմ աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարները վճարելու պահանջներով 2012-2014թթ. հարուցած հայցերի, կայացված դատական ակտերի և փաստացի վճարված գումարների մասին:
Ստացված տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարուցված հայցերի գերակշռող մասը բավարարվել է հայցվորներին աշխատանքից ազատելու մասին տնօրենների հրամանները ոչ իրավաչափ լինելու հիմքով, որի արդյունքում քաղաքացուն չստացված աշխատավարձի, կամ, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի, գույքի կորստի տեսքով պատճառվել է իրական վնաս, ինչն արդեն հատուցվել կամ ենթակա է հատուցման կազմակերպության կողմից:
Նախարարության ենթակայությամբ գործող դպրոցների դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների դեպքում Երևանի քաղաքապետարանին, իսկ մարզայինի դեպքում մարզպետարաններին առաջարկվել է հետամուտ լինել ՊՈԱ կազմակերպությունների կողմից տնօրենների դեմ հետադարձ ուժ ունեցող պահանջներ ներկայացնելուն:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից պետական բյուջե է վերականգնվել 4.340.600 դրամ գումար: Բացի այդ, այս ոլորտի ուսումնասիրությունները կրելու են շարունակական բնույթ:





























