Որեւէ մեկը չպետք է ասի, թե երբ պետք է տվյալ անհատը կամ ընտանիքը հարգի հանգուցյալին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ ամեն մեկը ինքն է որոշում՝ երբ հարգել հանգուցյալին, որեւէ մեկը չպետք է ասի, որ հենց այսօր է պետք այցելել գերեզմաններ: «Մարդը կարող է ոչ թե 5, այլ տարեկան 10 15 անգամ գնալ գերեզմանոց ներքին մղումներով, որեւէ պատճառով, էլ առավել՝ կրոնական պատճառներով աշխատանքային օրը ոչ աշախտանքային դարձնելը ուղղակի աղետ է: Մեր կարգավիճակը տարբեր է այլ ազգերի կարգավիճակից, ուրիշ ոչ մեկի չեն ցեղասպանել, մենք, ուրիշների համեմատ, մի 10 անգամ ավել պետք է աշխատենք, ինչպես կարող ենք հիմար- հիմար բաների պատճառով այս օրը հանգստյան օր հռչակել»,-ասաց հուշարձանագետը:
Նա նշեց, որ եկեղեցու ցանկությունը՝ մեռելոցները ոչ աշխատանքային հռչակելը, մի նպատակ է հետապնդում՝ բիզնես շահեր: Սամվել Կարապետյանը շեշտեց, որ ինչքան եկեղեցու օրենքներով, տոներով առաջնորդվող մարդիկ լինեն, էնքան հոտը մեծ կլինի եւ ըստ այդմ՝ շահույթը՝ շատ: «Եկեղեցին մտածում է՝ էսօր շատ մոմ ծախեմ, վաղը ազգի հերն է անիծած, ինչքան իր ձեռքի տակ շատ հոտ ունենա, էնքան շատ շահույթ կստանա, ցանկանում է, որ ազգը ծառայի այդ կառույցին»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Նա սարսափելի է համարում եկեղեցու նման քարոզչությունը, երբ հեռուստաալիք ունի, երեխաներին դպրոցներում աղոթքներ են սովորեցնում եւ այլն: Սամվել Կարապետյանի կարծիքով՝ մենք շատ մեղք վիճակում ենք գտնվում, երեխաներին ազգային, հայրենասիրական մարտաշունչ երգեր սովորեցնելու փոխարեն լացկան շարականների տակ ենք մեծացնում, իսկ դրանով թշնամուն չես կարող դիմագրավես:





























