Հայաստանում 1500 մարդկանց շրջանում անցկացրած հարցումների համաձայն՝ նրանց 99.9 տոկոսը տեղյակ է Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության մասին։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Gallup International association-ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցին, թե ի՞նչ աղբյուրներից են հարցվածները տեղեկացնել հունվարի 12-ի դեպքերի մասին, նա նշել է, որ 86 % դեպքերում մարդիկ տեղեկություն են ստացել հեռուստացույցից, 34%-դեպքերում՝ լրատվական կայքերից ու ինտերնետից, 25 %-ը նշել է, որ շրջապատի մարդկանցից, 10%-ը՝ Facebook-ից, 3%-ը՝ ռադիոյից, եւ 1%-ն էլ տեղեկություն է ստացել մամուլից։
Հարցվածների 87 %-ը կարծում է, որ Պերմյակովը պետք է հանձնվի հայկական կողմին, 4%-ը՝ ռուսական կողմին, իսկ 9%-ն էլ նշել է, որ դժվարանում է պատասխանել։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:




























