Լեհաստանի արեւելյան հատվածում՝ Լյուբլինսկում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե դարի տղամարդու մնացորդները լավ պահպանված են: Այդ պատճառով հետազոտողները դրա հիման վրա հնագույն մարդու մանեկեն են ստեղծել, որն ապրիլի 25-ից հնարավոր կլինի տեսնել Խրուբեշուվի Ստանիսլավ Ստաշիցի թանգարանում:
Նշենք, որ հնագույն գերեզմանում պեղումների ժամանակ տղամարդու կմախք են հայտնաբերել, որը հուղարկավորվել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: Այնտեղ նաեւ տարբեր իրերի հարուստ հավաքածու են գտել, այդ թվում՝ զենք:
Ըստ Informing-ի, գիտնականները կարծում են, որ տղամարդը մահվան պահին 47 տարեկան է եղել: Դա հնարավոր է եղել պարզել նրա ատամների վիճակից ելնելով:
Բացի այդ, «Ռազմիկն ու արքայադուստրը» կոչվող ցուցահանդեսում կարելի է տեսնել նաեւ աղջկա մանեկեն, որին գիտնականներն արքայադուստրն են կոչել. դամբարանում, որտեղ հայտնաբերել են նրա մնացորդները, նաեւ բազմաթիվ զարդեր են գտել, այդ թվում՝ մարգարտաշար մանյակ: Մահվան պահին աղջիկը շուրջ 20 տարեկան է եղել:





























