Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ եւ ուսումնասիրել վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող եւ համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի եւ կատարված աշխատանքների հաշվետվություններն ու ինչպես նաեւ այդ միջոցների նպատակային օգտագործումը:

«Բոլորն էլ գիտեն, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես օրինակ մուտքերը եւ տանիքները, այնպես էլ վերելակները շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են, եւ դրանց նորոգման կամ այլ խնդիրների հետ կապված հարցերի լուծումը բնակիչների պարտականությունն է: Սակայն բազմիցս եմ նշել, որ այս ուղղությամբ մեր որդեգրած քաղաքականությամբ  ամեն տարի համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում վերելակների պահպանման համար: Ուստի ստեղծեք աշխատանքային խումբ եւ կարճ ժամկետում ուսումնասիրեք, թե որքանով են նպատակային օգտագործվել  վերելակների պահպանման եւ շահագործման համար 2013, 2014 թվականների ընթացքում տրամադրված, ինչպես նաեւ համատիրությունների կողմից գանձված գումարները եւ  ի°նչ աշխատանքներ են իրականացվել: Ընթացիկ աշխատանքներից բացի, ստուգեք նաեւ համատիրություննեի կողմից այս ուղղությամբ իրականացվող տարեկան ծրագրերը: Սա պետք է լինի ամենօրյա աշխատանք: Խստորեն հետեւեք, որպեսզի այն գումարները, որոնք նախատեսված են վերելակների համար, ծախսվեն բացառապես իրենց նպատակին, եւ առաջնահերթ հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեն հրատապ լուծում պահանջող վերելակները»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: