Սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում ընթացքի մեջ են ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի աշխատանքին՝ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել եւ «Երեւան ջուր» ընկերության հետ կարճ ժամկետում կազմակերպել անձրեւատար, մասնավորապես վերջին տեղումների ժամանակ ջրակուտակումներ առաջացած հասցեների համակարգերի մաքրման աշխատանքները:
«Նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով երկու վարչական շրջաններում ունեցանք ջրակուտակումներ: Հարկ է, որ մեր համաքաղաքացիները տեղեկանան, որ երկու դեպքում էլ հարակից տարածքների սեփականատերերի մեղքով է առաջացել խնդիրը: Շենգավիթում «Նաիրիտ» գործարանի պատճառով, որը հեղեղատարի մեջ պատ է շարել ու փակել է այն, նաեւ արգելել է համապատասխան ծառայություններին մուտք գործել տարածք եւ կարգավորել խնդիրը՝ պատճառաբանելով, որ տվյալ տարածքը անվտանգության գոտի է: Իսկ Նուբարաշենի խճուղում հարակից հողերի սեփականատերերի մեղքով է ստեղծվել նման իրավիճակ, քանի որ նրանք հեղեղատար հանդիսացող ձորակում հողի մեծ զանգված են կուտակել, ինչն իր հերթին խցանման պատճառ է դարձել: Օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ եւ պատասխանատվության ենթարկեք մեղավորներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





























