Վրաստանի գյուղերից մեկն ամբողջովին տարհանել են թթվածին տեղափոխող բեռնատարի կողաշրջման պատճառով։ Այս մասին հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տեղեկություններով՝ ապրիլի 7-ի գիշերը Ե 60 ավտոմայրուղու վրա՝ Ռիկոտսկի թունելի մոտ, կողաշրջվել է հեղուկ թթվածին տեղափոխող բեռնատարը։ Դեպքի վայր ժամանած հրշեջները եւ փրկարարները, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել են ողջ գյուղը։ Ոստիկանությունը փակել է ավտոմայրուղու այդ հատվածի երթեւեկությունը։

«Մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է տեղայնացնել եւ չեզոքացնել հեղուկ թթվածնով լի ցիստերնը եւ խուսափել հրդեհից, ինչի շնորհիվ ոչ ոք չի տուժել»,- ասված է հայտարարության մեջ։

Այս պահին մայրուղու երթեւեկությունը վերականգնվել է։