Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը Կոմիտաս Վարդապետը չի սրբադասվելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողներին ասաց սրբադասման արարողության եւ հիշատակի ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Կոմիտասի սրբադասման հարցը երկար ժամանակ իրենց օրակարգում է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ կլինի նրա սրբադասումը։

«Սա անհատական է, հարցեր կան՝ ճշտելու, բայց Կոմիտաս Վարդապետի սրբադասումը լինելու է անպայման»,- ասաց տեր Նաթան արքեպիսկոպոսը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։