Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ Գոռին ապրիլի 7-ին տեղափոխել են Երեւան:
«Վտանգը դեռ չի անցել, վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Այս պահին վիրահատության հարց չի քննարկվում, բայց բազմաթիվ վնասվածքներ ունի»,- ասաց հոսպիտալի պետը:
Նշենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է:





























