Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդես է եկել տիկնիկային ներկայացմամբ:

ԱՆ ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ ներկայացումը քրեակատարողական վարչության պետի տեղակալներ, արդարադատության գնդապետ Մ. Հարությունյանը եւ արդարադատության փոխգնդապետ Ա. Համբարձումյանը տոնի կապակցությամբ շնորհավորել են կին դատապարտյալներին:

Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաեւ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի նախագահ Արմեն Սաֆարյանը:

Ներկայացման ավարտին քրեակատարողական հիմնարկի բակում Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը եւս շնորհավորել է կին դատապարտյալներին եւ ֆեդերացիայի կողմից հիմնարկին նվիրել սեղանի թենիսի պարագաներ՝ խոստանալով առաջիկայում այլ մարզական գույքով եւս աջակցել կին դատապարտյալներին: Ֆ. Սարգսյանը նաեւ վարպետության դաս է անցկացրել կին դատապարտյալների հետ: