ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Ամերիկյան համալսարան՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնահարցերի վերաբերյալ դասախոսություն կարդալու՝ Բիզնեսի կառավարման ֆակուլտետի ուսանողների համար: Իր փորձառությունը եւ գիտելիքներն ապագա ղեկավարներին եւ ձեռներեցներին փոխանցելու կամավոր նախաձեռնության շրջանակում՝ Ռալֆ Յիրիկյանը բազմաթիվ դասախոսություններ է ունեցել Հայաստանի եւ արտերկրի մի շարք կրթական հաստատություններում ու համաժողովներում՝ օգնելու համար ուսանողներին գտնել բիզնեսում հաջողության հասնելու եւ ժամանակակից բիզնես կառուցվածքներն արդյունավետորեն կառավարելու իրենց բանաձեւը, ինչպես նաեւ՝ գործնական նորարարական գիտելիքներ տալու նպատակով, ինչը կօգնի երիտասարդներին երկիրը մրցունակ դարձնել միջազգային շուկայում:
Նախքան կորպորատիվ պատասխանատվության գաղափարին եւ Հայաստանի համատեքստում ԿՍՊ-ի կիրառմանն անդրադառնալը՝ Ռալֆ Յիրիկյանը Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանողներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, որպես սոցիալապես պատասխանատու ընկերության՝ շահառուների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը: Ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձառությունից՝ նա ապագա ղեկավարներին եւ առաջնորդներին կոչ է արել բիզնես-ռազմավարության հիմքում ներառել ԿՍՊ սկզբունքները, ինչպես նաեւ կազմակերպական կարեւորագույն որոշումների ընդունման գործընթացում մշտապես հաշվի առնել նպատակներ եւ շահեր ունեցող թե՛ ներքին եւ թե՛ արտաքին խմբերին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է շահառուների ղեկավարման սկզբունքների, այդ թվում՝ մշտադիտարկման, նույնականացման, լսելու, վերլուծելու եւ հաղորդակցվելու սկզբունքների մասին:
«Գերազանց կատարողականի ձգտող կորպորատիվ ղեկավարը չպետք է թերագնահատի գլխավոր շահառուների մտահոգությունները ռազմավարական տեսանկյունից դիտարկելու, նրանց արժեքները եւ ուժերը պարզորոշ գծագրելու կարեւորությունը: Կորպորատիվ ղեկավարները պետք է կարողանան ընդունել ճիշտ որոշումներ, որոնք կապահովեն եւ կամրապնդեն կազմակերպական ռազմավարության համապատասխանությունը խոշոր բաժնետերերի շահերին: Կոմերցիոն կազմակերպությունները մեկուսացած չեն արտաքին աշխարհից: Դրանք բարոյական պարտավորություններ ունեն իրենց շահառուների, այդ թվում՝ սպառողների, հաճախորդների, կարգավորող մարմինների, մատակարարների, բաժնետերերի, շրջակա միջավայրի եւ հասարակության անդամների նկատմամբ»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է պատասխանատու կառավարման սկզբունքների կարեւորությունը՝ նշելով վերջինիս եւ կառավարման ավանդական համակարգի տարբերությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համոզված է, որ երկարաժամկետ կայուն ռազմավարություն մշակելուն եւ զարգացնելուն զուգահեռ ընկերությունները պետք է փորձեն հետադարձ արձագանք ստանալ շահառուներից՝ փոխըմբռնման հասնելու նպատակով:
10 տարուց պակաս ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աչքի է ընկել ոչ միայն որպես հեռահաղորդակցության առաջատար՝ շուկայի ամենախոշոր մասնաբաժնով, այլեւ՝ որպես նորարարությունների առաջամարտիկ: Ընկերությունը հեռահաղորդակցության առաջին եւ միակ օպերատորն է, որն առաջարկել է ծառայություններ 4G ցանցում, ինչպես նաեւ՝ ներմուծել եւ զարգացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ կորպորատիվ գործունեության կարեւորագույն մասը հանդիսանալու գաղափարը:
Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարում՝ առողջապահության, մշակույթի, գիտության, երեխաներին առնչվող, շրջակա միջավայրի պահպանման, կրթության եւ գյուղական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում նորարարական ծրագրերի իրականացման համար:





























