Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում ամերիկյան դոլարը 1.34 անգամ ամրապնդվել է: Միաժամանակ, դոլարի հանդեպ ադրբեջանական մանաթի թուլացումն «էվոլյուցիոն» բնույթ չի կրել: Նկատենք, որ Անդրկովկասի երկրներում սա ազգային արժույթի թուլացման ամենամեծ ցուցանիշն է:
Մանաթի թուլացումը հանգեցրել է կանխատեսելի հետեւանքների: Մասնավորապես, քաղաքացիները զանգվածաբար սկսել են «ամրապնդվող դոլար» գնել: Սակայն, ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում, այն չի բավականացրել: Իրավիճակը կայունացնելու նպատակով Ադրբեջանի Կենտրոնական բանկն արժութային միջամտություն է կատարել:
Ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի կարծիքով, Ադրբեջանի ԿԲ-ն պետք է արագորեն որոշում կայացնի եւ վերանայի դրամավարկային քաղաքականության ռազմավարությունը: «Հակառակ դեպքում, դոլարի պահանջարկի պատճառով առաջացած հոգեբանական ճնշման աճը եւ նավթից կախված տնտեսության վրա ճնշման լծակների ակտիվացումը՝ կապված նավթի գների անկման հետ, կհանգեցնեն արժութային պահուստների կտրուկ կրճատմանը կամ դրանց կորստին»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանի կորուստներն այս տարի կարող են կազմել ՀՆԱ-ի շուրջ 15%-ը եւ արտահանման 30%-ը: Նշվում է, որ նավթ արտահանողների մեծ մասի համար հարկավոր է, որպեսզի նավթի գինը 57 դոլարից շատ ավելի լինի՝ պետական ծախսերը ծածկելու համար:
EastExpert-ի փոխանցմամբ, նշված եկամուտները վերջին տարիներին ավելացել են՝ ի պատասխան սոցիալական ճնշման եւ ենթակառուցվածքների զարգացման նպատակներով: Ադրբեջանին մեկ բարելի դիմաց շուրջ 80 դոլար գին է հարկավոր:




























