Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հանդիսությունների սրահում ապրիլի 7-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որը նախաձեռնվել էր Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի եւ Ուրուգվայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հակոբ Քլենիջյանի կողմից:
Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, սպորտի եւ զբոսաշրջության հարցերի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվեյրան, Փոստային ծառայության ղեկավար Սոլանժ Մորեյրան, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դեսպաններ, գիտական եւ ակադեմիական լայն շրջանակների եւ ուրուգվայահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ելույթներով հանդես եկան Փոստային ծառայության նախագահ Սոլանժ Մորեյրան, սպորտի եւ զբոսաշրջության հարցերի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Ուրուգվայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հակոբ Քլենիջյանը, ովքեր, ընդգծելով Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, բարձր գնահատեցին եւ շնորհակալություն հայտնեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ուրուգվայի կողմից նամականիշի թողարկումը:
Արարողության գլխավոր բանախոսը՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, վերահաստատեց Ուրուգվայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Ուրուգվայը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը եւ իր ամբողջական զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում: Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 50 տարի առաջ օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա մեծ քայլ էր մի պայքարում, որը շարունակվում է մինչ այսօր»:
Իր խոսքում Ռոդոլֆո Նին Նովոան բարձր գնահատեց հայ համայնքի դերն ու նշանակությունը Ուրուգվայի հասարակական – քաղաքական կյանքում:
Ուրուգվայի ԱԳ նախարարն անդրադարձավ նաեւ հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններին, իրականացված բարձր մակարդակի այցելություններին, ստորագրված համաձայնագրերին: Այս կապակցությամբ Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծեց երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի պահանջի վերացման մասին համաձայնագրի նշանակությունը, ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական, առեւտրային, մշակութային եւ քաղաքական ոլորտներում առկա ներուժն ու համագործակցության զարգացման եւ ամրապնդման կարեւորությունը:
Ուրուգվայի ԱԳ նախարարն իր ելույթը եզրափակեց հետեւյալ խոսքերով. «Այս նամականիշը հարուստ է իմաստով եւ զգացմունքներով, քանի որ այն հարգում է բոլոր զոհերի հիշատակը Ցեղասպանության դաժան հանցագործության, որից մենք խորշում եւ որը մենք դատապարտում ենք»:




























