Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունքում Երեւանի Ավան վարչական շրջանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 6 բազմաբնակարան շենքի ջերմային էներգիայի տեսակարար բնութագիրը բարելավվել է շուրջ 60 տոկոսով`178  կՎտժ/մ2 տարի ցուցանիշը նվազել է մինչեւ 74 կՎտժ/մ2 տարի, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Արդյունքում հնարավոր է եղել շենքում ապահովել բավական մատչելի ջեռուցում բնակիչների համար (մոտ 287 դրամ/մ2 ամիս, 100 տոկոս ջերմային հարմարավետության մակարդակի պայմաններում): Շենքի մակարդակով տարեկան  տնտեսումը կազմում է շուրջ 6 միլիոն դրամ (գազի եւ էլեկտրաէներգիայի ներկա սակագներով):

Աշխատանքներն իրականացվել են Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր իրականացնել տիպային շենքերի ջերմաարդիականացում եւ ցուցադրել գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության ներուժը եւ միջոցառումների տնտեսական հիմնավորվածությունը:

Հաշվի առնելով նմանատիպ շենքերի էներգետիկ ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այժմ բանակցություններ են տարվում, որ բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման այս փորձը շարունակական դառնա:

Հիմնական խոչընդոտներ են հանդիսանում մատչելի ֆինանսական ռեսուրսները եւ շենքերի բնակիչների կոլեկտիվ որոշումներ ընդունելու պատրաստակամությունը:

«Ներկայումս կոմերցիոն բանկերը Հայաստանում տալիս են գումար անհատական բնակարանների ջերմամեկուսացման աշխատանքների համար: Սակայն էներգախնայողության միջոցառումների արդյունավետությունը կախված է ամբողջ շենքի մակարդակով իրականացվող միջոցառումներից: Էներգախնայողության մեջ ներդրված գումարների վերդարձելիությունը կարճաժամկետ չէ, այդ իսկ պատճառով նման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են մատչելի տոկոսադրույքներ եւ լրացուցիչ խրախուսական մեխանիզմներ, ինչը դժվար իրականանալի է առեւտրային բանկերի պարագայում…», - ասաց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

Շենքերի ջերմամեկուսացման հիմնական նպատակն է նվազեցնել էլեկտրական եւ ջերմային էներգիայի սպառումը, դրանով կրճատել  ջերմոցային գազերի արտանետման ծավալները: