Կոպենհագենի համալսարանի եւ HeyHuman մարքեթինգային գործակալության մասնագետները պարզել են, որ մի քանի էկրաններ միացնելը վնասակար է: Երբ մարդը կենտրոնացած է միայն մեկ խնդրի վրա, տեղեկությունը պահպանվում է հիշողության կենտրոնում: Իսկ եթե մենք միաժամանակ մի քանի էլեկտրոնային սարքավորում ենք գործածում, տեղեկությունը զոլավոր մարմին է ուղարկվում: Այդ ոլորտը պատասխանատու է ծրագրավորման եւ դրդապատճառի համար: Տվյալներ պահելու հետ այն կապ չունի:
Այսինքն դա հանգեցնում է նրան, որ տեղեկությունը չի հայտնվում այնտեղ, որտեղ պետք է: Դրա պատճառով այն առավել բարդ է հիշել: Իսկ երբ մարդիկ ամեն անգամ տարբեր սարքեր են միացնում, նրանց օրգանիզմում արտադրվում է L-դոֆա նյութը` դոֆամին հորմոնի նախորդը: Գիտնականները ենթադրում են, որ մի քանի սարքավորման համաժամանակյա օգտագործումն ազդում է իմացական ունակությունների վրա ավելի ուժեղ, քան կանեփի օգտագործումը:
Հարցման տվյալներով՝ բջջային հեռախոսների օգտատերերի ավելի քան 80%-ը դրանցից օգտվել է հեռուստացույց դիտելիս, հայտնում է Meddaily-ն: Նրանց մեծ մասը կարծում է, որ մի սարքից մյուսը ուշադրության անցումը բարձրացնում է արդյունավետությունը եւ մարզում է ուղեղը:
Հետազոտողները մասնակիցներին խնդրել են օգտագործել սմարֆոն կամ պլանշետ հեռուստացույց դիտելիս: Այնուհետեւ նրանք ստուգել են, որքան տեղեկատվություն են հիշել կամավորները: Կեսից քիչ ավելին կարող են հիշել, թե ինչ է տեղի ունեցել հեռուստաէկրանին: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ միաժամանակ գործողությունն իրականում նվազեցնում է IQ-ն:





























